Շիրակում կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառվել է մոտ 85 մլն դրամի վնաս
2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում. 12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ, 10 դեպք՝ կրթության ոլորտ, 1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ, 1 դեպք՝ զորակոչային ոլորտ, 1 դեպք՝ բանկային ոլորտ, 1 դեպք՝ առողջապահության ոլորտ: 2019 թ. ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ: Քրեական հետապնդման ենթարկվող նշված բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին (մեկի դեպքում՝ այս խափանման միջոցը կիրառվել է նախնական կալանքը փոփոխելու արդյունքում): Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող այլ քրեական գործերով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ համաներման ակտի կիրառման, ինչպես նաև մեղադրյալների կողմից գործուն զղջալու հիմքով: Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը: Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերևույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ: 2019 թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Քաղաքականություն