Համաշխարհային բանկը 13․4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61 կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։ Ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին եւ սոցիալական ծառայություններին: Վերականգնման աշխատանքները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) կաջակցեն աղետավտանգ վայրերում ճանապարհային ենթակառուցվածքի բնակլիմայական ռիսկերի՝ սողանքների, քարաթափումների և հեղեղումների ուսումնասիրման հարցում: Սույն ռիսկի գնահատումը կուղեկցվի շտկող գործողությունների բացահայտմամբ: Լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանին կօգնի նաև ճանապարհների անվտանգության բարելավման և մարդկային կյանքերի և տնտեսության համար ճանապարհային վթարների իրական գինը գնահատելու հարցում: Այն կիրականացվի վթարների վերաբերյալ տվյալների հավաքման և կառավարման արդի միասնական համակարգի միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր շահագրգիռ կողմերի միջև կապի ստեղծմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման կարողությունների զարգացմամբ: «Ծրագրով նաև դրվում է «Անվտանգ գյուղ» ծրագրին աջակցությունը շարունակելու նպատակ՝ ճանապարհների անվտանգությանն ուղղված փոքր շինարարական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների շրջակայքում երթևեկության կարգավորման միջոցառումների եղանակով՝ դրանք համակցելով համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ»,- հավելեց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նարգիզ Ռիսկուլովան: «Այսօրվա դրությամբ 66 համայնքում իրականացվում է անվտանգ գյուղի նախագիծ: Ակնկալում ենք, որ մինչև 2019թ. ավարտն անվտանգ նախագծերի թիվը կհասնի 84-ի»։ Ընթացիկ ծրագրի իրականացումը լավ է առաջ ընթացել: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորմամբ ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կավելանա մինչև 450կմ, որից 299կմ-ն արդեն վերականգնվել է: 2009թ.-ի առաջին «Կենսական նշանակության ճանապարների բարելավման» ծրագրի (ԿՆՃԲԾ) մեկնարկից ի վեր՝ նկատելիորեն բարելավվել է տեղական զբաղվածությունը, միջինում 40%-ով նվազել է ուղևորության ժամանակը, իսկ երկրում ընդհանուր առմամբ արդիականացվել են 433 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ: Մայր ծրագրի շրջանակում արդեն նախապատրաստվել են ծրագրի առաջին տարվա՝ Արարատի, Սյունիքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 27կմ ընդհանուր երկարությամբ յոթ ճանապարհահատվածների մանրամասն նախագծերը: Մնացած 34կմ ճանապարհահատվածները կնախագծվեն ամռանը և կիրականացվեն հինգ մարզերում: Սույն ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 16.75 միլիոն եվրո է, որից 3.35 միլիոն եվրոն կառավարության մասնակցությունն է: Համաշխարհային բանկը 13.4 միլիոն եվրոն (համարժեք է 15 միլիոն ԱՄՆ դոլարին) կտրամադրի ՎԶՄԲ փոփոխական սպրեդով վարկի միջոցով, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ 25.5 տարի: 1992թ.-ին Համաշխարհային բանկին և 1993թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանին ուղղված հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2․379․734 միլիոն ԱՄՆ դոլար:

Քաղաքականություն

Պատահարներ