![Կառավարությունն արհամարհում է պատգամավորների, ժողովրդի իրենց ուղարկված նամակները․ «Ժողովուրդ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/686299f13aaf4a700ecb9fc9edbb237e.webp)
Կառավարությունն արհամարհում է պատգամավորների, ժողովրդի իրենց ուղարկված նամակները․ «Ժողովուրդ»
![Կառավարությունն արհամարհում է պատգամավորների, ժողովրդի իրենց ուղարկված նամակները․ «Ժողովուրդ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/686299f13aaf4a700ecb9fc9edbb237e.webp)
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն ու պետական մի շարք գերատեսչություններ, վերջին ժամանակահատվածում իրենց աշխատանքը համարելով շատ կարևոր, որոշել են անարձագանք թողնել պատգամավորների, ժողովրդի ու, ընդհանրապես, այլ պետական կառույցներից իրենց ուղարկված նամակները:
Անհասկանալի է, թե ինչու են կառավարությունում կամ նախարարություններում համարում, որ իրենց լեգիտիմությունը կարող է իրավունք տալ արհամարհական վերաբերմունք դրսևորել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոմյանը ևս նամակներ է ուղարկել կառավարությանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել: «Երբ ներկայացվում էր կառավարության զեկույցը, որը ներկայացում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես նրան այդ մասին ասացի ու կարծում էի, որ դա զգոնության ազդակ կարող է լինել, կոչ կլինի, որ ուղարկված նամակներին պետք է պատասխանել: Բայց դա տեղի չունեցավ ու ես այժմ էլ սպասում եմ նամակների պատասխաններին, որոնց տեղեկատվությունը, այսպես ասեմ, նույնիսկ հնանում է, ու խնդիր է դառնում: Ես նամակներ գրել եմ փետրվարին ու մինչև հիմա սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Անի Սամսոնյանի՝ ինքը դեռևս չի ցանկանում «սև ցուցակում» ներառել իրեն չպատասխանած գերատեսչություններին՝ կարծելով, որ իր նամակներին դեռևս կպատասխանեն: «Եթե չպատասխանեն, դա խնդիր է, ու դա նաև ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, թե մենք կառավարության աշխատանքը դարձնում ենք ավելի արդյունավետ: Չի կարող լինել որևէ աշխատանք, չի կարող լինել որևէ գործ, որը ավելի կարևոր կլինի, քան պատգամավորի նամակին պատասխանելը, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք, խորհրդարանականները գործադիրի վերահսկողներն են, և իրենք պարտավոր են առաջինը մեր նամակներին պատասխանել: Այսինքն՝ այս անփութություն ասեմ, արհամարհանք ասեմ, անտարբերություն ասեմ, սա մեծապես խոչընդոտում է նաև մեր պատգամավորական աշխատանքին»,-եզրափակեց Սամսոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նույն ճակատագրին են արժանանում նաև ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող նամակները: Վերջիններս էլ նամակի պատասխանին երկար սպասելուց հետո ստիպված են լինում փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիա անելով երեկ վարդաբլուրցիները ԱԺ-ի դիմաց բողոքում էին իրենց նամակներին չարձագանքելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: