Երևանի քաղաքապետի աշխատավարձը մոտեցնում են Մոսկվայի քաղաքապետի աշխատավարձին. 168 Ժամ
«168 ժամ»-ը գրում է․ «Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։ Ըստ նույն նախագծի՝ քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազար դրամի փոխարեն՝ կստանան 641 հազար դրամ, վարչական շրջանների ղեկավարները 400 հազար դրամ աշխատավարձի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները՝ 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Համեմատության համար նշենք, որ Մոսկվա քաղաքի 2019թ. բյուջեն մոտ 45 միլիարդ դոլար է՝ 2,6 տրիլիոն ռուբլի, Երևանի բյուջեն` 172 միլիոն դոլար։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տարվա եկամուտը 108 հազար դոլարի շրջանակներում է` ամիսը մոտ 9 հազար դոլար։ Այն դեպքում, երբ Մոսկվայի բյուջեի եկամուտները Երևանին գերազանցում են 254 անգամ` արդա՞ր է արդյոք, որ Մոսկվայի քաղաքապետի եկամուտն իր կոլեգա Հայկ Մարությանի եկամտին գերազանցի 2.5 անգամ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է։ Ի դեպ, մեր որոշ ընթերցողների դիտարկմամբ՝ Հայկ Մարությանը պետք է ստանա 45-50 դոլարին համարժեք աշխատավարձ՝ մինչև իսկապես գործ անեն և կատարեն հեղափոխության օրերին իրենց կողմից տրված բոլոր խոստումները։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ պետք է բարձրանան քաղաքապետի և քաղաքային իշխանության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը»։

Քաղաքականություն

Պատահարներ