Ոչ մի կրիմինալ երևույթ չկա. Ռուբեն Խաչատրյանը` Կենդանաբանական այգու առյուծներին քնեցնելու և այլ հարցերի մասին
Լրագրողները հետաքրքրվել են, թե Ճի՞շտ է արդյոք, որ առյուծներին տաք-տաք թաղել են Ուրցաձորում: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ կենդանիներին քնեցրել են հիվանդության պատճառով: «Ոչ մի կրիմինալ երևույթ չկա, կենդանիները թաղվել են հիմնադրամի հետ համաձայնեցված, էֆթանազիան քնեցումն է: Պատճառը հիվանդությունն էր»: Նրա խոսքով` երեք առյուծների մոտ եղել են տարբեր հիվանդություններ: «Կարող եք անձամբ տեսնել և հավաստիանալ, որ թաքուն բան չկա, ինֆորմացիան տարածել ենք, նախկին իշխանությունները, ցավոք, չկան, որ պատասխանեն՝ եղե՞լ է համաձայնություն, թե՞ ոչ»: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք շարունակել է քնեցված առյուծների համար ֆինանսավորում ստանալ: «Դա զրպարտանք է, այդ կետը, որ շարունակել եմ առյուծների համար գումար ստանալ, կա տարբեր մարմիններին ուղղված իրենց նամակներում: Խոսքը Քննչական վարչության, ոստիկանության, վարչապետի, ԱԱԾ-ի, քաղաքապետարանի մասին է: Այդ բոլոր կետերը 6 ամսից ավելի է՝ մանրամասն ուսումնասիրության են առնված այդ մարմինների կողմից: Իրավական գործընթացները, ցավոք, ավելի դանդաղ են, քան կարելի է հանրային կարծիք ստեղծել նման ստահոդ լուրերով: Երբ որ ուսումնասիրությունները լինեն, լույս կսփռվի, տեղի կունենա մամուլի ասուլիս»,- ասել է նա: Անդրադառնալով Կենդանաբանական այգու տարածքում բողոքողների բարձրացրած այն հարցին, թե Ռուբեն Խաչատրյանը պարտադրել է ձիարշավարանից հեռացնել կենդանիներին ու աշխատողներին, վերջինս պատասխանել է, թե դա իր լիազորությունների մեջ չի մտնում: «Այգու տարածքում է, որը սահմանված կարգով տրված է կառավարման, և կառավարիչն ինքը պետք է հասկանա, թե ինչ է անում տարածքի հետ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, ոչինչ չեմ կարող ասել»: Իսկ հարցին, թե ճի՞շտ է մեղադրանքը, թե 8 տարում 80 աշխատակցի է հեռացրել, ներկաների հանդեպ էլ վատ վերաբերմունք է ցուցաբերել, ասել է. «80 աշխատակիցների մասին պետք է կադրերի բաժնին հարցնենք, մաքսիմում թիվը, որ կարող է փոխված լինել, 15-ից ոչ ավելի է, ինչ վերաբերում է վատ վերաբերմունքին, այս պահին աշխատում է 80 հոգի, կարող եք հարցնել, եթե լսում եք նախկին աշխատակիցներին, լսեք նաև ներկա աշխատակիցներին»:

Քաղաքականություն

Պատահարներ