ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան․ Ալեն Սիմոնյանը՝ «Մարտի 1-ի» դեպքերից տուժածների աջակցության մասին
Այս օրենքն այն մասին է, որ արդեն ՀՀ-ում ոչ մեկն իրեն չպետք է թույլ տա Ազատության հրապարակն անվանել Թատերական հրապարակ․ ԱԺ-ում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս օրենքն այն մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, այս օրենքն այն բանի մասին է, որ ոստիկանն այլևս ձեռք չի բարձրացնելու ՀՀ ժողովրդի վրա։ Այս օրենքն այն մասին է, որ ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան, և ի վերջո, որ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե «դուք «Մարտի 1-ից» դասեր չեք քաղել», որևիցե մեկն իրեն այլևս չի կարող թույլ տալ», - ասաց նա։
Նա հիշեցրեց Աստվածաշնչից մի հատված, երբ Պիղատոսը ժողովրդին հարցնում է՝ ում բաց թողնի՝ Հիսուսին, թե Բարաբային, ասում են՝ Բարաբային բաց թող։ «Դրանից հետո Պիղատոսը ձեռքերը լվանում է, ըստ այդ պատմության՝ Պիղատոսի պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը և անընդհատ նրանք արնահոսում են։ Շատուշատ մարդիկ գումարներ են ծախսում, որ լվանան իրենց ձեռքերը, բայց նրանք երբեք մաքուր չեն լինի»,-ասաց նա։