«Իմ քայլից» ինֆորմացիայի արտահոսք է եղել. 168 ժամ
«168 ժամ». թերթը գրում է. «Ազգային ժողովում երկուշաբթի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, միմյանց նախազգուշացնելով, սպասել են, որպեսզի աշխատակազմի շենքից հեռանալուց հետո խորհրդարանում փակ հանդիպում անցկացնեն:
Հանդիպման նեղ ֆորմատը որոշված է եղել «վերևից», իրականացվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի միջոցով: Ի դեպ, բացառապես տղամարդկանցով կազմակերպած հավաքին ինքը՝ Մակունցը, ներկա չի եղել։
168.am-ի տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն և հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։
Փաշինյանը հանձնարարել է «չթուլանալ գրանցած հաջողություններից և կարդալ, կարդալ ամեն օր և անընդհատ»: Այս հանձնարարության նախապատմությունը մի քանի օրենսդրական նախաձեռնություններն են եղել:
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ որոշել են նախաձեռնողականություն ցուցաբերել, դիմել են կուսակցությանը, որպեսզի իրենց մտմտացած բարեփոխումների համար աջակցություն ստանան ու օրենսդրական նախագծեր ստեղծեն։ Բայց նրանց քայլերը կանխվել են առաջին իսկ փորձերից, քանի որ երիտասարդ պատգամավորներն ինչ-որ գաղափարների շուրջ մտմտացել են, ոգևորվել ու չեն ստուգել՝ արդյո՞ք այդ իրավակարգավորումները չկային մինչ այդ՝ նախկին իշխանությունների օրոք: Ու որպեսզի այլևս ավելորդ ժամանակ չվատնեն, այսուհետ նրանք պարտավոր են՝ «չթուլանալ գրանցած հաջողություններից և կարդալ, կարդալ ամեն օր և անընդհատ կարդալ»:
Բայց այս հանդիպման արդյունքներից ամենաուշագրավն «իջեցված» դիտողությունն է եղել:
Ի դեպ, առաջին դիտողությունը վերաբերել է մեկին, ով այդ «թիմում» ի սկզբանե ներկա չի եղել: Թիմակցի նկատմամբ փոխված վերաբերմունքի պատճառն ինֆորմացիայի արտահոսքն է եղել, նա խմբակցությունից դուրս է հանել իրեն հասանելի դարձած մի բան, որի հետևանքը, մեղմ ասած, ծանր է նստել մյուսների վրա: Խոսքը, ըստ նույն աղբյուրների, «Իմ քայլ»-ական պատգամավորներից մեկի մասին է, ով, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, սակայն հեղափոխական ակտիվ միջոցառումների օրերին թիմին ինտեգրվելուց հետո հասցրել է քիչ թե շատ ազդեցիկ մեկը դառնալ քաղաքական թիմի ներսում: Եվ այսօր, վստահություն վայելող այդ անձը, փաստորեն, զրկվում է նեղ կուսակցական շփումների իրավունքից միայն այն պատճառով, որ չարաշահել է վստահությունն ու իրեն իրավունք է վերապահել խոսել թեմաներից, որոնցում այդքան լիազորություններ իրեն չէին տվել»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում: