ՊՎԾ պետը շարունակ «կրքեր է հանդարտեցնում»․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպը «հարթած» պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի անմիջական հորդորով է գուցե գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում գրել, առաջին անգամ չէ, որ այս կամ այն խնդրահարույց համայնք է գործուղվում:
Նրա այցերից հետո սովորաբար համայնքապետերը հրաժարական են տալիս: Այդպես եղավ նաեւ Ուրցաձոր համայնքում, բայց նոր ընտրություններից հետո հրաժարական ներկայացրած գյուղապետ Ռաֆիկ Անդրասյանը վերընտրվեց: Գյուղում իրավիճակ չփոխվեց, փոխարենը նոր ընտրությունների կազմակերպումից պետական բյուջեն ավելի քան 3 միլիոն դրամի վնաս կրեց:
Սանասարյանի այցը Զարթոնք հուզել էր շատերին՝ քաղաքագետների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, նախկին պաշտոնյաների եւ այլն: ՊՎԾ պետի ներկայությունը նրանց ապշեցրել ու ջղայնացրել էր: Ուզում ենք հիշեցնել, որ ՊՎԾ պետը դեռ ամռանը «կրքեր էր հանդարտեցնում» նաեւ Ուրցաձորում, բայց, քանի որ բոլորը էյֆորիայի ազդեցության տակ էին կամ էլ պաշտոն ունեին, այդ ամենը չէին նկատում, իսկ մեզ՝ նկատողներիս, «հակահեղափոխական» պիտակը կպցնում:
Երկիրը ճիշտ ու արդյունավետ կառավարելու մասին մտահոգվածներս բարձրաձայնում էինք նաեւ ամենատարբեր արատավոր դրսեւորումների մասին ու դարձյալ հանդիմանանքի արժանանում: Այսօր, սակայն, իշխանափոխությունից հետո վառ հեղափոխականի կերպարով հանդես եկող քաղաքագետներն ու առանձին անհատներն են խոստովանում, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում