ՀՐԱՏԱՊ․Բաքուն պատրաստ է հայերին թողնել Ադրբեջան, ադրբեջանցիներին էլ Ղարաբաղ և Հայաստան
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Կոմերսանտ պարբերականը մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաեւայի խոսքը հայտնում է, որ Բաքվում միշտ էլ պատրաստ են եղել պայմաններ ստեղծել, որոնք միտված են լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հասարակությունների հարաբերությունների ամրացմանը: Լեյլա Աբդուլաեւան նաեւ հայտարարել է, որ Բաքուն չի խոչնդոտի իր քաղաքացիների այցելությունները Հայաստանում և Արցախում կալանքի մեջ գտնվող հարազատներին։
«Կոշտ արգելքներ մեր քաղաքացիների հանդեպ Հայաստան եւ օկուպացված տարածքներ այցելությունների համար երբեք չեն եղել: Նման այցելությունների հազվադեպ լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանցիները մտածում են իրենց անձնական անվտանգության մասին: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը ներկայացնի համապատասխան անվտանգության երաշխիքներ»,- ասել է Աբդուլաեւան:
Հիշեցնենք՝ երեկ PanARMENIAN. Net-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ասել էր, որ Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը:
Նա նշել էր, որ արցախյան կողմը թաքցնելու ոչինչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է, որ նրանք նույնիսկ տեսակապով շփվում են հարազատների հետ:
Ըստ Բաբայանի՝ Արցախը մշտապես հանդես է եկել հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը նպաստող առաջարկություններով:
Հիշեցնենք, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: