Գագիկ Ծառուկյանը կգնա՞ «Արարատցեմենտ»-ի բողոքող աշխատակիցների հետ հանդիպման․ Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացվել է «Արարատցեմենտ»-ի հետ կապված իրավիճակը։ Այս մասին NEWS. am-ին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մամուլից տեղյակ ենք «Արարատցեմենտ»-ում տիրող իրավիճակին։ Պարոն Ծառուկյանին ներկայացվել է իրավիճակը»,–նշել է նա։
Հարցին՝ չի՞ պատրաստվում Գագիկ Ծառուկյանը հանդիպել բողոքող աշխատակիցների հետ, նա ասել է, որ այս պահին չի կարող հարցին պատասխանել։
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում. նրանց օրեր առաջ հայտնել էին, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը: Նրանք պահանջում են հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։