ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցու մոտ 14.000 կեղծ եվրո է հայտնաբերվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը Երևանում մեծ քանակությամբ կեղծ եվրոներ է հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարեր։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավվել են 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։ Սարգիս Անանյանը ձերբակալվել է։

Քաղաքականություն