Մեքենայից տղամարդու նման հայհոյում էր գյուղի կանանց. Զարթոնքում բողոքում են նաեւ գյուղապետի աղջկանից. News. am
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի է ունեցել ծեծկռտուք դպրոցի աշխատողների և գյուղացիների միջև: Այս մասին NEWS. am-ին հայտնեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը։
Նա պատմեց, որ դպրոցի տնօրեն Մանուշ Սարգսյանը, որը գյուղապետ Պարույր Սարգսյանի դուստրն է, վերջերս հայհոյել է գյուղի կանանց. «Մենք դիմում-բողոք էինք ներկայացրել Կրթության նախարարություն և մարզպետարանի կրթության բաժին, որ մեր դպրոցում անհապաղ ստուգումներ անցկացվեն: Մի քանի օր առաջ, մեքենայով անցնելիս՝ փողոց առ փողոց պատուհանն իջեցնում ու տղամարդու նման հայհոյում էր գյուղի կանանց»:
Իսկ այսօր ժամը 14:00-ի սահմաններում մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները եկել էին դպրոց և սկսել ստուգումներ անցկացնել: Բողոքող բնակիչները երբ տեղեկացել են, որ կրթության բաժնից ստուգողներ են եկել, գնացել են դպրոցի բակ. «Ուզում էինք մտնել դպրոց, այդ պահին մեր դեմ եկավ դպրոցի օպերատորը՝ Սամսոն Հովսեփյանը, և բախումներ սկսվեցին կանանց ու դպրոցի աշխատակիցների միջև: Սկսեցին հրել մեր կանանց, մեկը ոտքը ոլորեց, ընկավ ջուրը, իսկ Սամսոն Հովսեփյանն էլ՝ գլուխը հարվածեց ու ինքնազգացողությունը կորցրեց»,- պատմեց Համլետ Աբովյանը։
Քանի որ Սամսոն Հովսեփյանը վնասվածք էր ստացել ու հոսպիտալացվել Հոկտեմբերյանի կենտրոնական հիվանդանոց, սկսել էին իրենց մեղադրել ծեծկռտուքի համար, իրենք էլ, Համլետ Աբովյանն ասաց, փակել էին ճանապարհը․ «Հետո մենք տեսանք, որ մեզ են սկսելու մեղավոր հանել: Մենք՝ ցուցարարներով փակեցինք Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, հետո եկավ Արմավիրի վարչության պետը, և մեզ հորդորեց բացել, մենք էլ բացեցինք»։
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին ինքը և դպրոցի մի քանի աշխատակից գտնվում են հիվանդանոցում: Անդրադառնալով դպրոցի բակում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց, որ դասաժամ է եղել, դրա համար էլ թույլ չեն տվել դպրոց մտնել. «Իմ աղջիկը կրթված աղջիկը է ու նման բանի ընդունակ չէ, հերիք է զրպարտեն»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղապետը հայտարարել էր, որ մի քանի հոգու պահանջով հրաժարական տալ չի պատրաստվում, եթե իրեն ներկայացնեն 450-500 ստորագրությամբ պահանջ, ապա հրաժարական կտա: Համայնքի բնակիչները հավաքել էին 500-ից ավելի ստորագրություններ, սակայն գյուղապետը հրաժարական չէր տվել՝ պատճառաբանելով, որ դրանք կեղծված են: