Բացե՛ք սեյֆը, գումարը տվե՛ք․ մանրամասներ՝ HSBC բանկում երկու մարդ սպանած գնդապետի գործով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:
Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:
Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:
Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:
Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:
Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:
Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:
Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:
Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:
Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:
Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:
Ինչպես հայտնում է 1in. am-ը դատական այս նիստում հարցաքննվեց չորս վկա: Նրանցից երկուսը դեպքի պահին բանկում էին եղել՝ որպես հաճախորդներ, իսկ երկուսը բանկի մասնաճյուղի աշխատակիցներ էին:
Հաճախորդներից՝ վկա Վիգեն Մ.-ն մտաբերեց, որ դեպքի օրը 3-4 րոպե էր, ինչ գտնվում էր բանկի մասնաճյուղի սրահում, երբ հանկարծ լսել է կրակոցի նման ձայն, մեկը պարտադրել է, որ սրահում գտնվողները պառկեն հատակին: Բոլորը պառկել են, վկան էլ է պառկել: Նա տեսադաշտ չուներ, բայց լսում էր, որ նույն ձայնը պահանջում է՝ բացե՛ք սեյֆը, գումարը տվե՛ք, զանգե՛ք, թող անջատեն սիգնալիզացիան:
Լրատվականի փոխանցմամբ՝ վկան ասել է, որ մասնաճյուղի ղեկավարին ճանաչել է, դեպքի օրը նրան տեսել է հեռվից: Երբ արդեն պառկած վիճակում էր, լսել է, որ ղեկավարը՝ Արմեն անունով, հանգստացնում է հարձակումը գործած տղամարդուն, խնդրում է չկրակել…
«Երբ պառկած էի, ժամանակի զգացողությունը կորցրել էի, բայց երբ այդ դեպքից հետո տուն գնացի ու իմ ծախսած ժամանակը հաշվեցի, ստացվեց, որ ամենը մոտ 20 րոպե էր տևել»,- ասաց վկան:
Նա նշեց, որ բանկի սրահում պառկած մնացել է այնքան, մինչև տեսել է, որ մյուսները ոտքի են կանգնում, հասկացել է, որ հարձակվողը դուրս է եկել բանկից:
Վկան բանկի սրահում տեսել է վիրավոր «ախրաննիկին»՝ նա համազգեստով էր, վերնաշապիկն արյունոտ էր…
Բանկի ներսում վկան երկու կրակոց է հիշում, իսկ դրսից կրակոցի ձայն չի լսել: Երբ դուրս է եկել բանկից, իմացել է, որ ժողովուրդը բռնել է հարձակում գործած տղամարդուն: Դեպքի վերաբերյալ դիտել է համացանցում շրջանառվող տեսանյութերը:
Նախագահողը նշեց, որ դեռևս նախաքննության փուլում՝ քննիչի որոշմամբ, առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված ամբողջ գումարը հանձնվել է HSBC բանկի պատասխանատու պահպանմանը: Խնդիրը վերաբերում է գումարը բանկի կողմից շրջանառության մեջ դնելուն, ինչը տվյալ պահին հնարավոր չէ՝ դատարանը գործում առկա ապացույցները, այդ թվում՝ խնդրո առարկա ապացույցը, չի հետազոտել: Դատաքննության շրջանակներում այդ ապացույցի հետազոտությունից հետո միայն դատարանը կարող է քննարկել խնդրանքը, որով բանկը դիմել է դատարանին: Հետևաբար՝ նշված հարցի լուծումը դատարանի կողմից հետաձգվեց, այդ հարցին դատարանը կանդրադառնա միայն հիշյալ իրեղեն ապացույցի հետազոտությունը իրականացնելուց հետո:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում