Հոգևորականին ոչ հարիր կեցվածքի համար քահանան փիլոնազուրկ է արվել
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո խորհրդարանում տեղի ունեցած ակցիայի մասին և նշել, որ դրա մասնակիցներից Տեր Ղազար քահանա Պետրոսյանը մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել: Հայտարարությունը՝ ստորև.
«Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ Եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու և դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը:
Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բևեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբևէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային և հոգևոր արժեքներով:
Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսևորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարևորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:
Ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:
Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգևոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսևորումներից՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետականության»: