Վարչապետ. տուգանքով հարց չի լուծվում, և լուծումն այն է, որ տեսանք աղբը՝ պետք է կողքով չանցնենք
Ոչ մի իշխանություն մենակ ոչ մի բան չի կարող անել. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրության աշխատանքներին մասնակցելիս լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե գո՞հ է քաղաքային իշխանության կատարած աշխատանքից, քաղաքը արդյոք պատշաճ մաքո՞ւր է, տեղեկացնում է Tert am-ի թղթակիցը:
«Դարպասի հետևում ծխուկների շերտ է, ինչ անի քաղաքապետարանը՝ կանգնի կո՞ղքը կամ բոլորին տուգանի՞, ասենք սկսեցին բոլորին տուգանել: Նաև քաղաքացու խնդիրն է, որովհետև ինձ համար սա սեփական ինքնագնահատականի հարց է, պարզ ինքնասիրության հարց է: Նույն խնդիրը կա պիկնիկների տեղերում, գնանք տեսնենք ինչ վիճակ է, ու զարմանալին այն է, որ մարդիկ կարող են գնալ, շուրջն աղբ, հաց ուտեն, աղբը լցնեն ու թողեն գնան»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ տուգանքով հարց չի լուծվում, և լուծումն այն է, որ տեսանք աղբը՝ պետք է կողքով չանցնենք:
«Պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիրն է, հեղափոխությունը վարչապետի փոփոխությունը չէ, քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե առհասարակ Երևանը մաքուր է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն չափով, ինչ չափով, որ պետք է մաքուր լինի, իհարկե ոչ և ոչ միայն Երևանը, այլ ամբողջ հանրապետությունը:
Աղբի վերամշակման կոմբինատի հարցով վարչապետն ասաց, որ մի քանի աշխատանքային խումբ է աշխատում, և պետք է եղած ռեսուրսները հետազոտվեն: «Հետևյալ երկընտրանքն է. մեզ աղբի վերամշակման գործարան է պետք, թե բիոէներգետիկայի վրա պետք է ընտրություն կատարել, որովհետև աղբի վերամշակումից այլ բան են ստանում, իսկ մյուսից՝ էնգերգիա, սա ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ պետք է գոյացված աղբի կառուցվածքը ուսումնասիրեն մասնագետները և ասեն՝ որ տարբերակը էֆեկտիվ կլինի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի անգամ ասել է, որ հեղափոխությունը կհասնի իր նպատակին, երբ ժանգոտ մեքենաներից ու կրպակներից կազատվեն. « Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իր կոչին արձագանքել է, և տարբեր տեղերից մեքենաների թափքերը հավաքում են, և ես շատ շնորհակալ եմ իրենց դրա համար»,-ասաց նա:
Իսկ թե Սանիթեքի աշխատանքը ինչպես է գնահատում, Փաշինյանն ասաց՝ վատ:
«Ի՞նչ է, Երևանի քաղաքապետը լա՞վ է գնահատում, ուղղակի այս պահին, եթե ասացինք՝ Սանիթեք, այլևս մի աշխատիր, վատ ես աշխատում, դրանից աղբը շատանալու է, որովհետև երկրորդ օպերատոր չկա: Պետք է Սանիթեքը մրցակցություն ունենա, որ լավ աշխատի, ամեն մենաշնորհ վատ է, մենք այդ ենք ասում»,-ասաց նա: