Արցախը ՀՀ մարզ դարձնել․ մտավախություն կա, որ կարող է ռուսականացվել․ Սեֆիլյան
Սկսում ենք Արցախը Հայաստանի կազմում՝ մարզի կարգավիճակով, ներառելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են դա իրավական առումով պատկերացնում, արդյո՞ք, արցախցիները համաձայն են մարզի կարգավիճակ ստանալուն, Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ բոլորի սրտով է ու բոլորը կիսում են այն գաղափարը, որը մենք սկսում ենք։ Միացման գաղափարը կարող է կյանքի կոչվել, օրինակ, հանրաքվեի ճանապարհը, մյուսը՝ նաև երկուստեք Ազգային ժողովի խորհրդարանների վավերացումը: Երրորդը՝ Հայաստանի համապետական ընտրություններին Արցախը ներգրավելը և այլն: Կարծում ենք՝ բազմաթիվ են մեխանիզմները: Մենք այժմ չենք պնդում որևէ ուղղություն, կարծում ենք, որ դա պետք է թողնվի առաջիկա ընտրություններից հետո Արցախի նոր իշխանությունների որոշմանը, և ինչո՞ւ ոչ, նաև, ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի պետք է որոշենք, թե իրավական ո՞ր գործիքակազմից պետք է օգտվենք»:
Մանրամասնելով՝ Սեֆիլյանն ասաց, թե իրենք ունեն մտավախություն, որ Արցախը կարող է ռուսականացվել, տեղի ունենա այն, ինչ եղավ Աբխազիայի և Օսեթիայի հետ: Որո՞նք են այն պատճառները, որոնք թույլ են տալիս նման կարծիք ունենալու, Սեֆիլյանը խորհուրդ տվեց հետևել մամուլին, ապա խոստացավ՝ «Առաջիկայում փակագծերը կբացենք, թե որո՞նք են այն տեղեկություններն ու գործողությունները, որոնց պատճառով նման եզրահանգման ենք եկել»: