Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց․Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել նրա դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր՝ մարտի 13–ին, հետաձգվել է: Այն նշանակվել է վաղը ժամը 10.00–ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Պատասխանելով հարցին, թե բացի Արշակ Կարապետյանից էլ ո՞ւմ ցուցմունքներն են դրված Քոչարյանի նախագահի մեղադրանքի հիմքում, Հայկ Ալումյանը նշեց․ «Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը։ Սա պարզապես անհեթեթ մեղադրանք է։ Ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, տեսնում ենք, որ այն չպետք է որ մեղադրանքի համար հիմք ծառայեր։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ ուղղակի խնդիր է դրված, որ ուժային ձեւով հարցը լուծեն, այսինքն, գործն ուղարկեն դատարան եւ այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»։
Ալումյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել երկրորդ նախագահի դեմ։
«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,– ասաց նա։