ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր տարածաշրջանը, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ:
Իր բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը և իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ և բավարար թվալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նաև այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձևակերպենք մեր նպատակները, և մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից: Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք։
Մենք պետք է, այո՛, գնանք շատ լուրջ, թեկուզ ոչ պոպուլյար, կամային լուծումների, որպեսզի համոզվենք, որ մեր պետական համակարգում ընդհանրապես պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարևոր խնդիրն է` անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետևյալը` կարևորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետևաբար, տանկը չէ կարևորը, այլ խնդիրը և դրա լուծումը: Մեր մտածելակերպը պետք է լինի` գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը` անկախ նրանից` դրա անունը տանկ է, թե որևէ ուրիշ բան»: