Քաղաքականություն

Թուրքիայում բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետևից»

Թուրքիայում բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետևից»
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը: Նշվում է, որ տարածքում սկսված կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլվանի ոստիկանություն, ինչ մասին տեղեկացած նույն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողություններին պաշտոնական բնույթ հաղորդելու և կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենա է բերել տվել դեպքի վայր: Նշվում է, որ այս ամենի մասին նախօրոք տեղեկացված Դիարբեքիրի նահանգային ոստիկանությունը նախօրոք հետևել է չարամիտների գործողություններին և կազմակերպած շուրջկալի արդյունքում ձերբակալել է խմբին, այդ թվում՝ Սիլվանի ոստիկանապետին: Խմբի անդամները սկզբում պնդել են, թե փնտրում են Դիարբեքիրի Սուր շրջանում 2015-2016թթ. տեղի ունեցած բախումներից հետո այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների թաքցրած ոսկիներն ու փողերը: Սակայն ստուգումների արդյունքում ոստիկանության կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանության ընթացքում Սիլավինց աքսորված ու կոտորված հայերի թաքցրած ոսկիները: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250