Երևանի ավագանին մերժեց Յուրի Խաչատուրովի որդուն և «Տաշիր գրուպին»
News am-ը գրում է. «Ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու համար Երեւանի քաղաքապետարան էր դիմել քաղաքացի Սարգիս Կարապետյանը։ Չնայած դիմողը ֆիզիկական անձ է, սակայն թույլտվության դիմումը «Տաշիր գրուպ» ընկերության համար էր։ Երեւանի ավագանու այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված նիստում որոշման նախագծի քննարկման ժամանակ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց. «Տաշիր ընկերությունը երեք ավտոկայանատեղի է վերցնում, բայց կայանում է 10-ից ավելի մեքենա։ Խախտում է օրենքը։ Մենք տալիս ենք 3 մեքենա կայանելու թույլտվություն, հենց հիմա 10-ից ավելի մեքենա է կայանված Տերյան փողոցում»։ Նա ընդգծեց՝ Տերյան-Մոսկովյան-Աբովյան հատվածում տեղակայված են երկու դպրոցներ, որտեղ միշտ խցանում է, Աղայան փողոցում կան բազում շենքեր, որոնք ունեն բակային լուրջ խնդիր. «Այդ տարածքը կարող է ծառայել դպրոցներում սովորող աշակերտների ծնողներին, Աղայան փողոցի բնակիչներին»,- ասաց ավագանու անդամը։ Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց 3 ավտոկայանատեղի տալ, վերահսկել, եթե նրանք շարունակեն 10-ը կանգնեցնել, որոշումը հետ կանչել։ Որոշման նախագծին 13 անդամ կողմ քվեարկեց, 8-ը դեմ քվեարկեց, 22-ը՝ ձեռնպահ, այդպիսով որոշումը մերժվեց։ Մեկ այլ նախագծով ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու համար դիմել էր քաղաքացի Իգոր Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին։ Նշենք, որ այս դիմումը «Քոֆիսթորի» սրճարանի այցելուների եւ աշխատակիցներին սպասարկելու համար է։ Այս նախագիծը եւս մերժվեց․ 18 անդամ կողմ քվեարկեց, 7-ը դեմ քվեարկեց, 17-ը՝ ձեռնպահ»։ Նշենք, որ Երեւանի նախորդ ավագանին այս ընկերություններին նման թույլտվություն տրամադրել էր։

Քաղաքականություն

Պատահարներ