ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրցաձորում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել է հազվագյուտ կովկասյան ընձառյուծի: Այս մասին հայտնում է Econews.am-ը։
Ընձառյուծի այս ենթատեսակը միակն է, որը գրանցված է IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ (Threatened Species), ինչը նշանակում է, որ աշխարհում դեռ գոյություն ունի 1300 հասուն առանձնյակ: WLT նշում է, որ կենդանու վտանգման հիմնական գործոնը որսագողությունն է անմիջապես կենդանու և դրա որսի՝ բեզորյան այծի, մուլֆլոնի նկատմամբ:
Նշենք, որ տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: Որպես պահպանման միջոցառում նշվում է արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով քայլերի իրականացումը: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության, լեռնագործության, ճանապարհաշինության, արածեցման և այլ մարդածին գործունեության հսկողության և կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: