Կանխվել է «Լուսակերտ» -ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը. ՍԱՊԾ
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով, իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետևում եղել են առանց որևէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1438-Ն որոշման նորմերի պահանջների կոպիտ խախտում է:
Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտման պատճառով:
Հ․Գ․ Տարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաև այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։