Սպորտ

Հայաստան կգա լեգենդար ֆուտբոլային մասնագետ․ Վանեցյանը՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին

Gohar Vardanyan 1 րոպե 743 դիտում
Հայաստան կգա լեգենդար ֆուտբոլային մասնագետ․ Վանեցյանը՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն ապագա ֆուտբոլային հաջողությունները: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը գնահատում են բացառապես ազգային հավաքականի խաղերի արդյունքներով: «Երբ Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարից պարտություն կրեց, ես դարձել էի ամենամերժված մարդը հասարակության կողմից: Հետո եղավ Մակեդոնիայի դեմ խաղը, Հայաստանի հավաքականը հաղթեց, ես դուրս եկա մարզադաշտից և բոլորը՝ շուրջ 10 հազար մարդ, իմ անունն էր վանկարկում»,- ասել է Վանեցյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է հայկական ֆուտբոլը զարգացնելու իր տեսլականը: «Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլը՝ այսինքն, ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և ամենակարևորը՝ մարզիչներ: Ես այցելել եմ Ցյուրիխ, որտեղ հանդիպում եմ ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ, Դուբլինում վերջերս հանդիպում կայացավ ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական աջակցություն ապահովեն, որ մենք կարողանանք փոքր դաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019թ. մենք Վայոց Ձորի մարզում կառուցելու ենք 12 փոքր դաշտ, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցում ենք ֆուտբոլի դպրոց Սիսիանում, Արմավիրում, Էջմիածնում»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը: Նա նաև հայտնել է, որ ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի: «Ես նրա անունը հիմա չեմ կարող ասել, հիմա իմ ֆուտբոլային կոլեգաները նստած, շունչները պահած սպասում են՝ կասեմ, թե՞ չեմ ասի: Ես պայմանագրի համաձայն՝ չեմ կարող նրա անունն ասել: Հունվարի 6-ին միայն կկարողանամ նրա անունը հնչեցնել: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնվել է գալ, բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այդ երկիրն այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է՝ գրավում: Այդ մարդն ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, 6 Եվրոպայի չեմպիոն, այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծ մասը եղել են անձամբ իր սաները: Նա միշտ մարզել է երիտասարդական ազգային հավաքականներ: Մենք բերելու ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրը և հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային հաջողությունների: Չեմ կարող ասել, թե ինչքան ուրախալի է դա ինձ համար, որովհետև ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք նրան Հայաստան հրավիրել»,-նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Վանեցյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է իսպանացի մասնագետ, ով երկար տարիներ եղել է Իսպանիայի ազգային հավաքականի, Մադրիդի «Ռեալ»-ի ֆիզպատրաստության մարզիչը: ՀՖՖ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը օր ու գիշեր աշխատում է, որպեսզի մեր հավաքականն ունենա հաջողություններ: Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ հայկական ֆուտբոլն ունենալու է փայլուն ապագա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից