Ես, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց տվեցինք. Լուկաշենկո
«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային», – այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է այն իրավիճակը, որ տիրում է վերջին ամիսներին այդ կազմակերպությունում։ Նա հայտարարել է, որ Հայաստանն է կազմակերպությանը այս վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Լուկաշենկոն նշել է, որ ինքը հայկական կողմի առաջարկած «թոշակառուի» փոխարեն առաջարկել է երիտասարդ գեներալի, որը կարող է բարձրացնել կազմակերպության հեղինակությունը, և այդ գեներալին՝ Ստանիսլավ Զասին, ուղարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպելու։ «Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել … Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք», – ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։ Բացահայտելով, թե ինչ է քննարկվել փակ դռների հետեւում Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը, Լուկաշենկոն հայտնել է, որ եւ Ռուսաստանի, եւ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել եւ չի խորհրդակցել կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ: «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ Փաշինյանը»,-ընդգծել է նա:

Քաղաքականություն