ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ իր մասնակցությամբ սենսացիոն ձայնագրությանը
Սա հակահեղափոխության հերթական դրսևորումն է, որին սպասում է ջախջախում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր մասնակցությամբ սենսացիոն ձայնագրությանը։
«Որևէ կասկած չկա, որ հակահեղափոխությանը սպասում է ջախջախիչ պարտություն, կոռումպացված համակարգին, կոռուպցիոներներին սպասվում է կալանավորումներ, դատավճիռներ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հրապարակվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, Վանեցյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանովերլու որոշում կայացնելու ու դրանից բխող հնարավոր խնդիրների մասին։ Խոսակցության սղագրությունը՝ ստորև․
Վանեցյան - Բարեւ Ձեզ, պարոն վարչապետ։
Փաշինյան - Բարեւ, Վանեցյան ջան, ի՞նչ կա։
Վանեցյան - Լավ ե՞ք, նորմալ, նորմալ։ Պարոն վարչապետ, հիմա նայեք․ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, Սասունը, բայց Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, ինքը ՕԴԿԲ-ի (ՀԱՊԿ-ի,-հեղ․) գլխավոր քարտուղարն ա, էդ մի հատ ռուսների հետ․․․
Փաշինյան - Ե՞րբ։
Վանեցյան -Հիմա, հիմա ուզում ա տանի Սասունը։ Նայեք, հիմա իրան չենք հարցաքննել։ Կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը։ Քոչարյանինն էսօր անենք, պրծնենք, իրանը հետաձգենք, էլի։
Փաշինյան - Հա։ Չէ պետք ա նախապես տեղյակ պահենք, որ խնդիր չլինի։ Իսկ էն մյուս մասով ի՞նչ կա։
Վանեցյան - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունն ասում ա՝ հաստատ ա։ Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ։ Հիմա դատավորը էդ նայումա, կզանգի, կասի պարոն վարչապետ։
Փաշինյան - Շատ լավ, էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչեւ ես, դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Նորմալ անցա՞վ հանդիպումը։
Վանեցյան - Շատ լավ պարոն վարչապետ։ Ես դե բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։
Փաշինյան - Շատ լավ։
․․․․․․․․
Վանեցյան - Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը, Խաչատուրովի։ Եկել են ներկայացուցիչները համ հետախուզության, համ Անվտանգության դաշնային ծառայության։ Ասում են տենց բան մի արեք, կապ չունի, գոնե ՀԱՊԿ-ից հանեք նոր, շատ ծանր կլինի։
Փաշինյան - Իսկ Քոչարյանի հետ կապված նորություն կա՞։
Վանեցյան - Քոչարյանը կլինի։
Փաշինյան - Ո՞վ ա եկել որ։
Վանեցյան - Հետախուզության ու ԱԴԾ-ի ներկայացուցիչներն են եկել, ասում են դա մեծ ապտակ կլինի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, գոնե հետ կանչեք, նոր ինչ ուզում եք՝ արեք։
Փաշինյան - Բա որ գնա, չգա էլ։
Վանեցյան - Դե չենք թողնի՝ գնա, կպահենք։ Իրան կարգավիճակ տանք, կամ մի բան անենք, բայց չձերբակալենք։ Որովհետեւ ասում են՝ մեծ պրոբլեմ ա էլի։
Փաշինյան - Լավ, մի հատ Սասունի հետ խոսա։
Վանեցյան - Լավ, չտանե՞նք կալանքի։
Փաշինյան - Եթե կարում ենք նենց անենք, որ երկրից դուրս չգա․․․
Վանեցյան - Շատ ծանր ա էլի, ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն նստցնեն։ Էդ կառույցի հեղինակությունն ա էլի։
Փաշինյան -Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ։
Վանեցյան - Լավ։
Հաջորդիվ Արթուր Վանեցյանը զանգում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Վերջիններս խոսում են Խաչատուրովի համար խափանման միջոց ընտրելու մասին։ Խոսակցությունը՝ ստորեւ․
Խաչատրյան - Հա, ընգեր։
Վանեցյան - Ռուսները շատ ծանր են տանում, շատ ոռի ա, շատ։ Կարող ա նենց պրոբլեմ տանք․․․ ես նոր վարչապետին ասեցի։ Նորից իրանց համ հետախուզությունից են զանգել, համ ԱԴԾ-ից։
Խաչատրյան - Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառե՞ն։
Վանեցյան - Ըը, գրավ թող կիրառեն, կամ ստորագրություն ընտրեք խափանման միջոց։
Խաչատրյան - Ինձ թվում ա գրավը ճիշտ ա, թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ Բայց դե, չգիտեմ, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։
Վանեցյան - Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում։
Խաչատրյան - Դու մի հատ վարչապետի հետ խոսա։
Վանեցյան - Խոսացի, նոր նիստի էր, ասեց՝ ինձ կարեւորը, որ ինքը չփախնի երկրից։
Խաչատրյան - Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։
Վանեցյան - Մեծ գրավ էդի որտեղի՞ց ա վճարելու։
Խաչատրյան - Մեծ, խոսքի մի 20 մլն է՞լ չի կարա վճարի։
Վանեցյան - Հա․․․ստորգարություն եթե ընտրե՞ս։
Խաչատրյան - Ընգեր, ինքը դուրսն ա աշխատում, ստորագրություն ո՞նց ընտրես։ Գրավն ավելի ճիշտ ա։ Ստորագրություն, եթե ընտրեմ, պիտի չթողնեմ դուրս գնա։
Վանեցյան - Գուցե չթողնե՞նք գնա։ Լավ, դու բան արա, թող ձգի։
Խաչատրյան - Ժամը երեքին ա նիստը։
Վանեցյան - Ասա՝ թող հետաձգեն նիստը, մի հատ վարչապետը նիստից դուրս գա, հետը խոսանք, ես խոսացի, բայց նորից խոսանք, էլի։
Խաչատրյան - Հա, մի հատ էլ խոսա, վնաս չտանք։
Վանեցյան - Լավ։
Ապա Վանեցյանը նորից է զանգահարում Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյան - Սաղ նորմալ ա՞։
Վանեցյան - Մնացածը նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, հեսա դատարանը կալանավորման որոշում կկայացնի։ Մնացածը հանգիստ ա։
Փաշինյան - Լավ։ Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան։
Վանեցյան - Շվեյցարիա եմ, հեսա թռնում եմ գամ Երեւան։
Փաշինյան - Հա, արդեն հետ ե՞ս գալիս։
Վանեցյան - Հա։
Փաշինյան - Լավ։