Գործադուլ Համազգային թատրոնում
Շուրջ մեկ ամիս է՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է. դերասանական կազմի մեծ մասը պահանջում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Ու արդեն երեկ, երբ թատրոնի սրահներից մեկում դերասանները մամուլի ասուլիս էին անում, տնօրեն Վիգեն Չալդրանյանի աշխատասենյակում նոր հրաման էր ստորագրվում՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Aysor.am-ի հետ զրույցում նոր գեղարվեստական ղեկավարը նշեց, որ օրենքը թույլ չի տալիս դերասաններին, որպեսզի իրենք ընտրեն իրենց գեղարվեստական ղեկավարին, այլ վերջինս նշանակվում է, գալիս թատրոն ու անձամբ պայմանագրեր կնքում դերասանների հետ՝ համաձայնեցնելով տնօրենի հետ: Ինքը սիրով պատրաստ է աշխատել այս թատրոնի բոլոր դերասանների հետ, ովքեր նման ցանկություն կունենան:\r\nՍակայն թատրոնի դերասաններն արդեն իսկ հայտարարել են՝ դեմ են նաև նոր գեղարվեստական ղեկավարին ու պատրաստվում են դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ սկսել: Վերջինս էլ չթաքցրեց՝ բոլոր նրանք, ովքեր կշարունակեն, իր իսկ խոսքով, անօրինական գործողություններն ու գործադուլները, ապա նրանց հետ համագործակցությունը կդադարեցնի: Ս. Շահվերդյանը տեղեկացրեց՝ չի պատրաստվում միանձնյա կառավարել թատրոնի գեղարվեստական մասը: Առաջարկել է ստեղծել գեղարվեստական խորհուրդ, որն էլ ընդունվել է տնօրեն Վիգեն Չալդրանյանի կողմից, սակայն այդ խորհրդում չեն ընդգրկվի թատրոնի ներսում գտնվող մարդիկ, այլ կհրավիրվեն թատերագետներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ: Ի դեպ, դերասաններն ունեն իրենց սեփական թեկնածուներին: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրանք առաջարկում են նույն թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավաոր արտիստ Նարինե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղում տեսնում են դերասան Արման Նավասարդյանին:\r\n \r\n

Քաղաքականություն

Պատահարներ