Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելության քննությունների ընթացքում:
Aysor.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը հայտնել է, որ այս տարի արձանագրվել է ևս մեկ բացասական ռեկորդ․ բուհ ընդունվածների քանակը 10 հազարից պակաս է, մինչդեռ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 17,200։ Տվյալները տարեցտարի նվազում են։ Նա նաև մտահոգիչ է համարել այն փաստը, որ դիմորդների միայն 58․4 տոկոսին է հաջողվել երկու քննություններից դրական միավորներ ստանալ ու ընդունվել։ Մասնագետը շեշտել է, որ խոսքը դպրոցների լավագույն աշակերտների մասին է, որոնց զգալի մասը նաև կրկնուսույցների մոտ է պատրաստվել, սակայն արդյունքները չափազանց տխուր են։
Ըստ փորձագետի՝ իրավիճակը պայմանավորված է մի քանի գործոնով։ Առաջինը, որն անմիջականորեն ազդում է դիմորդների թվաքանակի կրճատման վրա, ժողովրդագրությունն է, քանի որ երիտասարդների թիվն աստիճանաբար նվազում է։ Դա հաստատում են նաև տարեկան ծնելիության վերաբերյալ պաշտոնական տվյալները, համաձայն որոնց՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ծնվել է մոտ 10 տոկոսով ավելի քիչ երեխա։
Երկրորդ պատճառը, ըստ Մխիթարյանի, այն է, որ բազմաթիվ երիտասարդներ դեռ դպրոցական տարիքից հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և հեռանում արտերկիր՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրների պատճառով, ինչը նույնպես հանգեցնում է դիմորդների և, բնականաբար, ընդունվողների թվի նվազմանը։
Երրորդ գործոնը Մխիթարյանը համարում է հանրակրթության ոլորտում տիրող աղետալի վիճակը։ Նրա գնահատմամբ՝ դպրոցներում կրթության որակն այն աստիճան է ընկել, որ շրջանավարտներից շատերը չեն կարողանում յուրաքանչյուր քննությունից հաղթահարել նվազագույն 7.58 բալի շեմը՝ ընդունվելու համար։ Այս տարի թափուր է մնացել աննախադեպ 258 անվճար տեղ, իսկ ընդհանուր թափուր տեղերի քանակը 3100 է։ Այսինքն՝ դպրոցն ավարտածները չեն կարողանում հաղթահարել պարզ քննությունները՝ դրական միավոր ստանալու համար, ինչը հասել է աղետալի չափերի։ Դա նշանակում է, որ գործող կառավարության իրականացրած վերջին տարիների «բարեփոխումները» հանգեցրել են միայն կրթության որակի անկմանը, իսկ բարձրագույն կրթություն ստացողների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ։
Կրթության փորձագետը նշել է նաև, որ պատասխանատու կառույցների կողմից չի տեսել անհրաժեշտ մտահոգությունն այս իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս ամենի վրա ազդում է որոշում կայացնողների ոչ կոմպետենտությունը, քանի որ փոքր-ինչ կոմպետենտության դեպքում կկայացվեին որոշումներ, որոնք նպաստավոր կլինեին բարձրագույն կրթության բարելավման, զարգացման և դասախոսների արտահոսքը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից:Հիշեցնենք` հ...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...