Կառավարությունը նոր որոշում ընդունեց Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաբերյալ
Կառավարությունը հաստատել է որոշում, որով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2026 թվականի պետական բյուջեից հատկացվող բյուջետային վարկի տրամադրման պայմանները։
Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման առաջին ծրագրի շրջանակում 2020-2025 թվականներին ընկերությանը պետական բյուջեից տրամադրվել է 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ։
Այդ ծրագրի նպատակն էր 2-րդ էներգաբլոկի արդիականացումը և շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2026 թվականը։
Այնուհետև Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման և արդիականացման ծրագիրը, որի նպատակն է էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Ծրագրի իրականացման համար նախատեսվել է 160 միլիոն ԱՄՆ դոլար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման միջոցառմամբ նախատեսվել է 20 միլիարդ 111 միլիոն 798 հազար դրամ՝ որպես բյուջետային վարկ։
Ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարության հետ չէր կարողանում կնքել համապատասխան պայմանագիր, քանի որ բյուջետային վարկի տրամադրման պայմանները սահմանված չէին։
Որոշման ընդունումը հնարավորություն կտա սահմանված ժամկետներում կնքել բյուջետային վարկի պայմանագիր, իրականացնել ծրագրի շրջանակում կնքված պայմանագրերով նախատեսված վճարումները, ինչպես նաև շարունակել անհրաժեշտ աշխատանքները։