Էսկալացիան բացասաբար է անդրադառնում ողջ միջազգային համայնքի վրա. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առանձին տարածաշրջաններում լարվածության էսկալացիան բացասաբար է անդրադառնում ողջ միջազգային համայնքի վրա՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհը փոխկապակցված և փոխկախված է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս ամենասերտ միջազգային համագործակցության օգտին՝ տարածաշրջանային և գլոբալ կայունության համալիր ապահովման, ինչպես նաև հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի պահպանման նպատակով։
«Ժամանակակից աշխարհը փոխկապակցված է և փոխկախված, այդ իսկ պատճառով առանձին տարածաշրջաններում լարվածության էսկալացիան բացասաբար է անդրադառնում ողջ միջազգային համայնքի վրա»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ընդգծել է, որ միջազգային ահաբեկչությունը, միջուկային զենքի չվերահսկվող տարածման ռիսկերը, ծայրահեղականությունը, թմրաբիզնեսը և կիբերհանցագործությունը շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել բոլոր պետությունների համար՝ առանց բացառության։
Նրա խոսքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է խորացնել միջազգային համագործակցությունը և համատեղ անվտանգության մեխանիզմները։
Անվտանգության միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացվում է մայիսի 26-29-ը։