Կասկածներ ունեմ, թե ոնց է եղել. Ալեն Սիմոնյանը` Անդրանիկ Թևանյանի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով հարուցված քրեական հետապնդումը։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, որը հիմնված է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների վրա, Հայաստանի քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, ով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքին և ընդգրկված է եղել դրա համապետական ընտրական ցուցակում որպես ԱԺ պատգամավոր, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Նա «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում իրականացրել է լրտեսություն։ Բացի այդ, Թևանյանն ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց հիշյալ ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք վերաբերել են 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքին ու արդյունքներին և թարգմանված են եղել ռուսերեն։ Այդպիսով նա կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր կարող էին տեղեկությունների արտահոսք կազմակերպել ԱԺ փակ նիստից, Ալեն Սիմոնյանը նշել է. «Ես կասկածներ ունեմ, թե ոնց է եղել, չեմ ուզում կիսվել այդ կասկածերով, բայց ես կարծում եմ ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հանցագործություն արած մարդը պետք է մեծ ու շատ դաժան պատասխանատվություն կրի, որովհետև մեր երկրի դեմ շպիոնաժ անելն ամենավատ բաներից մեկն է, որ կարելի է անել»։
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե առկա են կարծիքներ, որ Հայաստանի իշխանությունները Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդմամբ ցանկանում են ժեստ անել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ ցույց տալով, թե ինչպես են վարվում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնբաս այցելած անձի հետ, խորհրդարանի ղեկավարն ասել է. «Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի։ Անդրանիկ Թևանյանի մասին նույնիսկ նրա բակում չգիտեն»։