Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երմակը կասկածվում է կոռուպցիայի մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել

Mariam Z.

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը կասկածվում է կազմակերպված խմբի կազմում հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացմանն առնչություն ունենալու համար։


Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ԱՀԲ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (ՀՄԴ) հայտնել են, որ Երմակը կարող էր լինել «Կիևի մերձակայքում էլիտար շինարարության ժամանակ 460 միլիոն գրիվնայի (մոտ 10,5 միլիոն դոլար) օրինականացմանն առնչվող կազմակերպված խմբի» անդամ։ Քրեական կասկածանքը ներկայացվել է լվացման հոդվածով։


Ըստ ԱՀԲ-ի՝ շինարարական աշխատանքներն ընթացել են «Դինաստիա» քոթեջային ավանում։ Քննության վարկածով՝ գործարարների և քաղաքական գործիչների խումբը, որի մեջ մտել են Տիմուր Մինդիչը և նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը, պայմանավորվածություն են ձեռք բերել անձնական օգտագործման համար չորս առանձնատների կառուցման շուրջ։


Յուրաքանչյուր շինության մակերեսը մոտ 1 հազար քառակուսի մետր է, իսկ արժեքը՝ շուրջ 2 միլիոն դոլար։ Առանձնատները հիմնվել են ավելի քան 8 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքների վրա, որոնց գինը, ըստ հակակոռուպցիոն մարմինների, կարող էր գերազանցել 6 միլիոն դոլարը։ Հետաքննության տվյալներով՝ 2021-2025 թվականների ընթացքում սեփականատերերն ու այլ անձինք շինարարության միջոցով օրինականացրել են գրեթե 9 միլիոն դոլար։


Անդրեյ Երմակը հրաժարվել է պարզաբանումներ տալ մինչև քննչական գործողությունների ավարտը։ «Ես հիմա ոչինչ չեմ մեկնաբանի, երբ քննչական գործողություններն ավարտվեն, ես հանդես կգամ մեկնաբանությամբ»,- նշել է նա «Սուսպիլնե»-ի հրապարակած տեսանյութում։


Հարցին, թե արդյոք նա տուն ունի «Դինաստիա» կոոպերատիվում, նախագահի գրասենյակի նախկին ղեկավարն արձագանքել է. «Ես ոչ մի տուն չունեմ, ես ունեմ միայն մեկ բնակարան և մեկ ավտոմեքենա, որը դուք այստեղ տեսնում եք»։ Իսկ «Մինդիչի ձայնագրությունների» «Վիրաբույժը» լինելու վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Իմ անունը Անդրեյ Երմակ է։ Ես այլ անուն չունեմ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250