Գերմանիայում քաղցր ըմպելիքների համար նոր հարկ կսահմանվի
Գերմանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2028 թվականից ուժի մեջ մտնող «շաքարի տուրքը» տարեկան 450 միլիոն եվրո կապահովի պետբյուջեի համար։
Գերմանիայի իշխանությունների այս նախաձեռնությունը, որի համաձայն հավաքագրված միջոցներն ուղղվելու են առողջապահության ոլորտի ներդրումներին, բուռն քննարկումների առիթ է դարձել։ Վեճերը վերաբերում են քաղաքացիների սննդակարգին պետության միջամտությանը, իսկ արտադրողներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ հարկի ներդրումն անխուսափելիորեն կբարձրացնի սպառողական ծախսերը։
Մասնագիտական համայնքի՝ բժիշկների և սննդաբանների համար նոր կարգավորման դրական ազդեցությունը կասկած չի հարուցում։ Բայրոյթի համալսարանի պրոֆեսոր Պետեր Ֆիլիպսբորնը DW-ին տված հարցազրույցում նշել է. «Ընդհանուր առմամբ, տվյալները բավականին հստակ վկայում են, որ նման հարկերը նվազեցնում են քաղցր ըմպելիքների սպառումը։ Դրանց կանոնավոր օգտագործումը, ինչպես գիտենք բազմաթիվ այլ հետազոտություններից, հանգեցնում է քաշի ավելացման և գիրացման ու դրա հետ կապված հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետը և սիրտ-անոթային հիվանդությունները, ռիսկի բարձրացմանը»։
Պրոֆեսորը նաև համոզված է, որ այս տուրքը շահավետ կլինի բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար։ Ըստ Ֆիլիպսբորնի՝ թեև նրանք ստիպված կլինեն փոքր-ինչ ավելի շատ հարկ վճարել, սակայն հենց այս շերտն է ստանալու առողջապահական ամենամեծ օգուտը, քանի որ անհամաչափորեն ավելի հաճախ է առնչվում շաքարի չարաշահման հետևանքով առաջացող հիվանդություններին։