Հասարակություն

Կարգալույծ քահանան թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը. փաստաբան

Mariam Z.
Կարգալույծ քահանան թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել՝ չունենալով դրա իրավունքը. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԲԴԽ անդամ, դատավոր Էդգար Հովհաննիսյանը դրսևորել է կողմնակալություն՝ կատարելով Արման Սարոյանի ցանկությունները։ Անդրադառնալով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ազատված Արման Սարոյանի գործողություններին՝ փաստաբանը նշեց, որ հարկադիր կատարման ծառայությունն իրեն դրսևորել է ակնհայտ ապօրինի և սպասարկել Սարոյանի քմահաճույքները։


Ըստ Զոհրաբյանի՝ Սարոյանի նամակների հիման վրա հարկադիր կատարողն ահաբեկում է հոգևորականներին, մասնավորապես՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին՝ սպառնալով քրեական պատասխանատվությամբ։


Արման Սարոյանը դատարանում վիճարկել էր իրեն պաշտոնից ազատելու կաթողիկոսի որոշումը։ Դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելելով Հայ Առաքելական եկեղեցուն և այլ անձանց խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ ֆինանսական հաշիվների տնօրինմանը։ Փաստաբանը շեշտեց, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը սա դիտարկել է որպես աշխատանքային վեճ։


Արա Զոհրաբյանի պնդմամբ՝ դատարանը վատ վիճակ է ստեղծել եկեղեցու համար, քանի որ կարգալույծ հռչակված և հոգևորական չհանդիսացող Սարոյանը դատարանի որոշման ու հարկադիր կատարողի մեկնաբանության հիման վրա գործարքներ է անում բանկային հաշիվներով։ Փաստաբանը հավելեց, որ հարկադիր կատարողն իրեն դրել է կաթողիկոսի տեղը և Սարոյանին լիազորել բանկային գործողություններ կատարել։


Նշվեց նաև, որ ապրիլի 1-ի դրությամբ Արման Սարոյանը հաշիվներից արդեն հանել է ավելի քան 15 միլիոն դրամ։ Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց միջոցների հնարավոր վատնման վերաբերյալ և տեղեկացրեց, որ դատարանը մերժել է հայցի ապահովումը վերացնելու իրենց խնդրանքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250