Փաշինյանը ցանկանում է հաճոյանալ Ալիևին. Ռոբերտ Քոչարյան
Վարդենիսում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանը Արցախյան շարժման մասին խոսքերով փորձում է հաճոյանալ Ալիևին:
ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախյան շարժման սկիզբը «ճակատագրական սխալ» համարող իշխանությունները ծառայում են Ադրբեջանի շահերին։ Նայելով Սոթք և Քարվաճառ տանող ճանապարհին՝ նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմի հետևանքներն ամենաշատն իրենց զգացնել են տվել հենց տեղի բնակիչների և Սյունիքի վրա, սակայն ընտրություններով հնարավոր է փոխել իրավիճակը։
Քոչարյանի խոսքով՝ հենց իշխանություններն են տարածում պատերազմի վտանգի սպառնալիքը՝ փորձելով վախ սերմանել և համոզել, թե մենք պատերազմի զոհեր ենք։ Նա նշել է, որ առաջնորդի պարտականությունն է ժողովրդին դուրս բերել դեպրեսիայից, բայց տեղի է ունենում հակառակը. փորձում են համոզել, որ առանց իրենց պատերազմ կլիներ, իսկ Արցախյան շարժումը սխալ էր։
«Ես ծնվել և մեծացել եմ Ղարաբաղում։ Երբ մի ժողովուրդ մի տեղ ապրում է, այդ ժողովուրդը իր ապրելու տեղում հետք է թողնում։ Հետքը դա պատմամշակութային ժառանգությունն է, դա եկեղեցիներն են։ Եվ կարող եմ ասել միանշանակ, որ Ղարաբաղում, բացի մզկիթից Շուշիում որևէ այլ մշակութային ժառանգություն, պատմական ժառանգություն Ադրբեջանը չուներ: Երբ Հայաստանի ղեկավարը ասում է այդպիսի բաներ, դա նշանակում է, որ ուզում է դուր գալ մեկ ուրիշին, ծառայում է ոչ թե հայկական շահերին, այլ ծառայում է Ադրբեջանի շահերին», - ասել է Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ ընտրությունը կատարվելու է Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև։ Ըստ նրա՝ հակառակորդը աչք ունի այս հողերի վրա և Սևանն անվանում է Գյոյչա։ Նա կոչ է արել կատարել ճիշտ ընտրություն՝ ապահովելու անվտանգությունն ու տնտեսական զարգացումը, ինչն արտացոլված է դաշինքի նախընտրական ծրագրում։