Վարչապետի հետ հանդիպումը հիանալի էր. Եվրոպական խորհրդարանի նախագահ
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, լրագրողների հետ զրույցում ողջունել է երկրի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը։
«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ՝ գեղեցիկ Երևանում: Ես շատ շնորհակալ եմ այն հրավերի համար, որը մենք ստացանք վարչապետ Փաշինյանից նրա՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից մի քանի շաբաթ անց և ընդամենը օրեր անց այն բանից հետո, եբ մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք բանաձև, որը ողջունում է Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը, ինչպես նաև եվրոպական արժեքներին, որոնց մենք բոլորս դավանում ենք: Այսօր, այս գնալով ավելի անկանխատեսելի դարձող աշխարհում, մենք նաև ողջունում ենք այն փաստը, որ Կանադայի վարչապետ պարոն Քարնին գտնվում է այստեղ: Մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում հետագա ինտեգրման ուղիները: Երեկ ես հանդիպում ունեցա վարչապետի հետ, և կարող եմ ձեզ ասել, որ այն հիանալի էր. մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել՝ ավելի մոտ լինելու նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները և հավատարմությունը մեր հասարակության հիմնարար սկզբունքներին»,- ասել է նա։
Մեցոլան նշել է, որ քննարկվելու է պայքարը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ, որոնք իրական վտանգ են ներկայացնում ժողովրդավարությանը։ Ըստ նրա՝ պատերազմները մղվում են նաև թվային տիրույթում՝ թիրախավորելով հասարակության խոցելի հատվածները։ Նա հավելել է, որ հանձնառու են աշխատել սոցիալական հարթակների հետ, որպեսզի միավորող գործիքները չօգտագործվեն ի վնաս ժողովրդավարությունների։
Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Եվրախորհրդարանի նախագահը շեշտել է, որ մտահոգությունները չպետք է խանգարեն այն օգտագործել մարտահրավերները լուծելու և ժողովրդավարությունները պաշտպանելու համար։ Մեցոլան եզրափակել է՝ նշելով, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը, նրա համոզմամբ, կցուցաբերվի այսօր։