Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը ժամանեց Երևան

Mariam Z.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։


Օդանավակայանում Մակրոն ամուսիններին դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


Ֆրանսիայի առաջնորդը նախ կմասնակցի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այնուհետև նախատեսված է Մակրոն-Փաշինյան առանձնազրույց և հանդիպում՝ ընդլայնված կազմով, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի հայտարարությամբ։ Սպասվում է, որ այցի շրջանակում երկու պետությունների ղեկավարները կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։


Այցի ծրագրով Էմանուել Մակրոնը հանդիպում կունենա նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան։ Մայիսի 5-ին՝ այցի եզրափակիչ օրը, Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ կմեկնի Գյումրի։ Այնտեղ նա հարգանքի տուրք կմատուցի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, որից հետո Վարդանանց հրապարակում ներկա կգտնվի հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգին։ Միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 393 միլիոն դրամ, ինչը գերազանցում է մեկ միլիոն դոլարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250