ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանըը կրկին հինգ հարցերի է պատասխանել.
Հարց. Ի՞նչ կփոխեք մեր արտաքին քաղաքականության մեջ, երբ շուտով դառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Պատասխան. Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն: Քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք:
Հարց. Փաշինյանը հայտարարեց, որ չի քննարկվում արցախցիների վերադարձը Արցախ և չի քննարկվում 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան: Ձեր կարծիքը:
Պատասխան. 20 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում: Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները:
Հարց. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ադրբեջանի և Հայաստանի գործարարները կարող են ուղիղ միմյանց հետ աշխատել: Արդյո՞ք կարելի է վստահել ադրբեջանցի գործարարներին և թույլ տալ, որ հողեր գնեն Հայաստանում:
Պատասխան. Դուք վստահ եղեք, եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր՝ գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ:
Հարց. Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի խաղաղության երաշխավորը: Հայերը վստահո՞ւմ են արդյոք Ադրբեջանին:
Պատասխան. Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը: Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները:
Հարց. Ի՞նչ եք կարծում, Շահին Մուստաֆաևի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ հարց վախեցավ տալ նրան:
Պատասխան. Հայաստանի շահերին վերաբերվող բոլոր հարցերը: Այսինքն՝ չհարցրեց՝ ինչու՞ եք ոչնչացնում մեր եկեղեցիները, ինչու՞ եք ձեր բանտերում պահում մեր հայրենասեր հայրենակիցներին: Եվ ընդհանրապես, երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տալ ոչ մի հարց. ինքը միայն լսողի դերում է:
Ավելին` տեսանյութում: