Ֆրանսիայում տվյալների արտահոսքերը կլինեն ավելի աղետալի. Դուրով
Telegram-ի հիմնադիրը կանխատեսել է տվյալների էլ ավելի աղետալի արտահոսքեր՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Փաստաթղթերի պաշտպանության ազգային գործակալության դեմ իրականացված կիբերհարձակումը։
Ֆրանսիայի Փաստաթղթերի պաշտպանության ազգային գործակալության (ANTS) համակարգերը կոտրելու վերաբերյալ տեղեկություններից հետո Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը նախազգուշացրել է ֆրանսիացիներին տվյալների հնարավոր առավել լուրջ արտահոսքերի մասին։
Ըստ France Info-ի՝ անձնագրերի և վարորդական իրավունքի վկայականների տրամադրման համար պատասխանատու ANTS գործակալությունը ապրիլի 20-ին ենթարկվել է խոշոր կիբերհարձակման, որի հետևանքով տվյալների արտահոսք է տեղի ունեցել։
Համակարգը կոտրելու մասին հայտարարել է մի հաքեր, ով հանդես է գալիս Պաբլո Էսկոբարի լուսանկարով։ Նա պնդում է, որ օգտվելով գործակալության խոցելիությունից՝ գողացել է 18-19 միլիոն մարդու տվյալներ։
Հաքերը գրել է. «Ֆրանսիայի կառավարության համար ավելի լավ կլիներ կենտրոնանալ խոհարարության վրա։ Նրանց կիբերպաշտպանությունը նույնքան փխրուն է, որքան իրենց կրուասանները»։
Հափշտակված տեղեկությունները ներառում են անուններ, ազգանուններ, հասցեներ, հեռախոսահամարներ և ծննդյան ամսաթվեր։ France Info-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը թույլ է տվել հասանելիություն ստանալ առնվազն 10 միլիոն օգտահաշվի։
Դեպքի առնչությամբ Դուրովը նշել է. «Ֆրանսիական փաստաթղթերի պաշտպանության գործակալությունը ենթարկվել է հաքերային հարձակման. արդյունքում տեղի է ունեցել 19 միլիոն մարդու անունների, հասցեների, էլեկտրոնային փոստերի և հեռախոսահամարների արտահոսք։ Ապագա արտահոսքերը կլինեն էլ ավելի աղետալի, եթե Ֆրանսիայի կառավարությունը հասնի իր ուզածին՝ մուտք դեպի վերջնագրային վերծանմամբ (ծածկագրված) չատեր և սոցիալական ցանցերի օգտատերերի թվային նույնացուցիչներ»։
Telegram-ի հիմնադիրը նաև հիշեցրել է, որ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան քրեական գործերն օգտագործում է «խոսքի ազատությունը ճնշելու» նպատակով։ Նա այդ երկրում քննության տակ գտնվելը համեմատել է Պատվո լեգեոնի շքանշան ստանալու հետ։ «Ես գտնվում եմ նմանատիպ քննության տակ Ֆրանսիայում. ավելի քան 12 մեղադրանք, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Հպարտ եմ, որ Իլոն Մասկի և այլոց հետ միասին դարձել եմ Մակրոնի՝ թվային իրավունքների դեմ արշավի թիրախը», - հայտարարել է Դուրովը։