Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը, և, իհարկե, հատկապես մեր գաղափարաբանության և ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ: Այս մասին Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ թեև մենք ժողովրդավարության և պետության տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, բայց մենք առերեսվում ենք նրան, որ ունենք լրջագույն խնդիրներ, և այդ լրջագույն խնդիրների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է, բայց նաև այդ խնդիրների լուծման բանաձևեր փնտրելիս մենք բախվում ենք առաջին հայացքից աննկատ խնդիրների:
«2018-ի հեղափոխությունից հետո թերևս ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության, դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարադատության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար: Էստեղ կա ճշմարտություն, բայց երբ ուզում ենք հասկանալ պրոբլեմը, բախվում ենք առաջին հայացքից կարող է պարզունակ թվացող մի հարցի՝ իսկ ինչ է արդարությունը, և ինչ է արդարադատությունը»,- ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները՝ մեկ այլ բան:
«Ընդհանրապես արդարադատությանն առնչվող կողմերը երկուսն են, և, սովորաբար, մեկը պարտվում է, մյուսը՝ հաղթում: Ինչպես հասնել նրան, որ և՛ պարտվողը, և՛ հաղթողը ընդունելի համարեն, որ տեղի ունեցածը արդարություն և արդարադատություն է»,- եզրափակել է վարչապետը: