Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գեոպոլիտիկ խաղերի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
««Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության»,- ասված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:
Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին:
Լևոն Տեր-Պետրոսյան, 2013թ»: