Լուրերը մեկ տողով. Ադրբեջանից ՀՀ ռուսական հացահատիկի փոխադրում, Իսրայելի խորհուրդը՝ խուսափել ՀՀ-ից, Վրաստանից և Ադրբեջանից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Ադրբեջանից Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցիկ փոխադրումն է իրականացվում երկաթուղով։ Բալաջարի կայարանից մեկնած գնացքը Վրաստանի տարածքով կհասնի Հայաստան՝ տեղափոխելով մոտ 488 տոննա հացահատիկ։
• Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2025 թվականի աշխատանքները։ Տնտեսական հանցագործությունների գործերով վերականգնվել է ավելի քան 30 միլիարդ դրամ վնաս, իսկ պաշտոնատար անձանց գործունեությանը միջամտելու դեպքերը նվազել են։
• Հայաստանում պարզեցվել է մինչև 300 քմ անհատական բնակելի տների կառուցման թույլտվության գործընթացը։ Թույլտվությունները տրամադրվելու են թվային հարթակում՝ արագացված կարգով, իսկ փորձաքննությունը փոխարինվել է ճարտարապետի երաշխավորագրով։
• Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց։ Նախազգուշացումը պայմանավորված է արտերկրում իսրայելացիների և հրեաների դեմ հնարավոր սպառնալիքների աճով։
• Իրանի զինված ուժերը հայտարարել են նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին հավատարմության մասին։ Նրան աջակցություն է հայտնել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
• Իսրայելը հայտարարել է Իրանում հրթիռային արտադրության և արձակման օբյեկտների դեմ իրականացված հարվածների մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են նաև Իսֆահանում գտնվող ռազմական կառույցներ։
• ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը գնահատել է Իսրայելի գործողությունները Իրանի դեմ, սակայն կոչ է արել զգուշորեն ընտրել հարվածների թիրախները։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նաև կտրուկ աճել է նավթի գինը։
• Վերականգնվել են Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռնափոխադրումները։ Երկու երկրների միջև կրկին թույլատրվել է բեռների տեղափոխումը բոլոր տեսակի տրանսպորտով։
•Հարավային Կորեան 30 տարվա մեջ առաջին անգամ սահմանել է վառելիքի գների առավելագույն շեմ։ Քայլը նպատակ ունի զսպել էներգակիրների հնարավոր կտրուկ թանկացումը Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում։
• Ուկրաինան ԱՄՆ-ի խնդրանքով Մերձավոր Արևելք է ուղարկել հակադրոնային համակարգեր և մասնագետներ։ Նրանք Հորդանանում կօգնեն պաշտպանել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները իրանական անօդաչու սարքերից։