Հարցական է՝ ինչպես կգօրծի ՆԱՏՕ-ն, եթե Ռուսաստանը հարձակվի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Լիտվայի կամ Լեհաստանի վրա, մնում է բաց հարց, թե ով է իրականում պատասխանատվություն կրելու և ինչպես կգործի ՆԱՏՕ-ն։ Նրա խոսքով՝ Եվրոպան հիմնականում հենվում է հավատքի վրա, որ վտանգի դեպքում դաշինքը կգործի, սակայն գործնականում դրա օրինակները չեն տեսել։
Զելենսկին անդրադարձել է նաև Գրենլանդիայի շուրջ զարգացումներին՝ նշելով, որ եվրոպական առաջնորդների մեծ մասը հստակ պատկերացում չունի իրավիճակի մասին և կարծես սպասում է, մինչև ԱՄՆ-ը սպառի այդ թեման։ Նա հարցադրում է արել՝ ինչ ուղերձ է փոխանցում Ռուսաստանին Գրենլանդիա 40 զինվոր ուղարկելը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը Բելառուսում տեղակայել է հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրամիության տարածք, մինչդեռ Եվրոպան, նրա գնահատմամբ, բավարար քայլեր չի ձեռնարկում։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հրթիռների համար բաղադրիչներ է ստանում ոչ միայն Չինաստանից, այլև եվրոպական ու ամերիկյան աղբյուրներից։
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան լիարժեք աշխատում է պատերազմի ավարտին հասնելու համար, սակայն անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ ավելի ուժեղ ճնշում։ Նրա խոսքով՝ Եվրոպային անհրաժեշտ է Ուկրաինայի անկախությունը, քանի որ ապագայում հենց եվրոպական երկրները կարող են կանգնել իրենց կենսակերպը պաշտպանելու անհրաժեշտության առաջ։





























