Նոր մանրամասներ ավտոբուսի վարարդի ծեծի ենթարկելու դեպքից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Թամանցիներին փողոցում թիվ 16 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու դեպքից։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ներկայացնելով դեպքը՝ նշեց, որ այն, ինչ պատմում է, ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված է։
«Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում. երբ վարորդը հասել է վերջնակետ, մի քանի ուղևորներ են եղել մեքենայի մեջ, բոլորը իջել են, վարորդին թվացել է բոլորն իջել են, մեքենան կայանել է, իջել է և հաց ուտելիս է եղել, հետո նկատել է, որ մի ուղևոր մնացել է ավտոբուսի մեջ։
Ավտոբուսից իջնում է ուղևորը, ու մեր վարորդի փոխանցմամբ, տալիս է մի ուղղության անուն, ու հարցնում՝ այսինչ տեղը չես գնո՞ւմ, որը այդ պահին տվյալ ուղղությունը ճիշտ հակառակ ուղղության վրա է գտնվում։ Երբ վարորդն ասում է, որ ես արդեն հասել եմ վերջնակետ, հավանաբար սխալ համար ես նստել, այդ խոսակցությունից հետո ուղևորը հարվածում է վարորդին։ Նախ վարորդը ընկնում է, գլուխն էլ կպնում սառույցին։ Վարորդը վեր է կենում, փորձում է ինքնապաշտպանվել, վարորդին ծեծի է ենթարկում։
Վարորդը ստացել է վնասվածքներ դեմքի, ձեռքի, ոտքի շրջանում։ Ոտքի հատվածում երևացող վնասվածք կա, ձեռքը ռենգենն են արել, նաև գլխապտույտ ուներ և մենք հորդորել ենք, որ մանրամասն այդ մասին բժիշկներին տեղյակ պահի, որովհետև կասկածում ենք, միգուցե ուղեղի ցնցում ստացած լինի։ Իսկ դեմքի հատվածում ահագին վնասվածք կար։
Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Նա նաև ոստիկանությանն է հայտնել տեղի ունեցածի մասին։
Ես ու անվտանգ երթևեկության ծառայության մեր համապատասխան աշխատողները գնացել ենք դեպքի վայր, նաև հետո մեր մյուս աշխատակիցները վարորդի հետ հիվանդանոցում են եղել։ Բժիշկները հորդորել են երկու օր մնալ, բայց վարորդը հրաժարվել է, ասել է՝ գնամ տանը պառկեմ»,– պատմեց Գեղամ Ասատրյանը։
Նա հավելեց, որ դեպքից հետո ուղեւորը թողել հեռացել է, իսկ վնասվածքներ ստացած վարորդին օգնության են հասել անցորդները։
Նա նաև նշեց, որ տեսագրության մեջ երևում է, որ ուղեւորը կարծես ծխախոտով է նստել ավտոբուս, ինչը ևս կանոնների խախտում է։





























