Կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում է կայացվել. Նարեկ Ղահրամանյան
Այո, ինձ կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում կայացվել է, ինձ այդ մասին տեղեկացրել են, բայց ես չեմ ուզում այդ մասին ասել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով 2026 թվականի ընտրությունների ՔՊ ցուցակում իր ընդգրկվելու մասին։
«Եթե պետք լինի, վարչությունը ինքը կհայտարարի դրա մասին։ Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ վարչությունը պիտի ինքը որոշում կայացնի, և ինքը պետք է որոշի՝ իր որոշումը հրապարակի, թե չհրապարակի։ Ինձ ոչ մեկը չի մերժել»,- ասել նա։
Անդրադառնալով 2026-ի ընտրություններին, ՔՊ-ական պատգամավորը նշել է. «2018–ի թավշյա հեղափոխությունից հետո, սա առաջին խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենալու հերթական, և մենք պատրաստվում ենք, ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կլինեին»։





























