Այդքան բան. Վարդան Ղուկասյանը դատարանում հայտարարություններ է արել
Շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում կալանավորված քաղաքապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետերին դատում և ազատազրկում են միայն այն պատճառով, որպեսզի նրանք չարտահայտվեն և չխոչընդոտեն իշխանությունների գործողություններին։ «Այն քաղաքապետերը, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, նրանք այսօր բանտարկվում են ու դատապարտվում»,- հայտարարեց նա դատարանում։
Ղուկասյանը նաև կտրականապես հերքեց իրեն վերագրվող կաշառակերության մեղադրանքները՝ ընդգծելով, որ երբևէ որևէ մեկի հետ կաշառքի շուրջ պայմանավորվածություն չի ունեցել։ Որպես օրինակ նա հիշատակեց Հենրիկ Գասպարյանին, որի հետ շուրջ 10 տարի աշխատել է։ «Գասպարյան Հենրիկը, որ հետս 10 տարի աշխատել է, մի օր մի հատ «Կոկա-կոլա» չի բերել ու իր կողմից հյուրասիրել։ Որ եկա քաղաքապետ՝ առաջինն ասել եմ՝ Գասպարյան Հենրիկին եմ ազատելու»,- նշեց նա։
Ելույթում Վարդան Ղուկասյանը կոշտ արտահայտություններ հնչեցրեց նաև դատավարության մասնակիցների հասցեին՝ նշելով, որ նման գործելաոճը կործանարար է երկրի համար։ «Այսպես հեշտ ու հանգիստ աշխատավարձ ստանաք, ձեր երեխեքին պահեք, մեզ էլ կործանեք. Աստծո դատաստանը կթափի ձեր գլխին, այդքան բան»,- ասաց Գյումրու կալանավորված քաղաքապետը։
Դատական նիստը շարունակվում է։





























