Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. «Ժողովուրդ»

«Դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն Արցախի ներկայացուցչության շենքը


Արցախի պաշտոնյաներից որեւէ մեկը չի մեկնաբանել տեղեկությունները, բայց եւ այնպես չի բացառել, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։


Արցախի պաշտոնյաները նաեւ չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։


Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։ Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Փաստաբանը նաեւ նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։


Քննչական կոմիտեն նախօրեի խուզարկությունից առգրավել էր մեկ համակարգիչ եւ մի քանի այլ իրեր, որոնք տեղավորել էին կարմիր, փոքրիկ պայուսակում։

Քաղաքականություն