Բողոքներ կան. Իրան մուտք գործած բեռնատարի վարորդների նկատմամբ կիրառվում է վարչարարություն. Խաչատրյան
Բողոքներ ենք ստանում, թե Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործած մեր բեռնատարի վարորդները, երբ բեռներ են բարձում և դուրս են գալիս ԻԻՀ-ից, մեր վարորդների և տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է վարչարարություն, որը սահմանված չէ ո՛չ միջպետական պայմանագրերով, ոչ էլ Իրանի օրենսդրությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում խոսքն ուղղելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Օրինակ՝ մեր բեռանատարը մտնում է այնտեղ, ստիպում են, որպեսզի վառելիքի շատ քիչ քանակությամբ մտնի իրենց տարածք, այնուհետև տարածքից դուրս գալիս ստիպում են, որպեսզի ամբողջ բաքերը լիցքավորվեն, և լիցքավորվում են 600 դրամով, այսինքն՝ ՀՀ-ից 50-100 դրամով թանկ դիզվառելիքով, որպեսզի թողնեն՝ սահմանից դուրս գա, մտնի Հայաստան»,- ասել է պատգամավորը:
Նախարարի տեղակալը պատասխանել է, որ Իրան մուտք գործելու և ելք անելու վերաբերյալ որոշակի խնդիրների մասին պարբերաբար լսում են, և որ այդ խնդիրների մասով իրանցի գործընկերների հետ փորձում են լուծումներ գտնել:
«Ինչ վերաբերում է ելքին, ինչքանով հավաստիացրել են մեր իրանցի գործընկերները, դա նաև իրենց փախադրողներին է վերաբերում: Երբ նրանք դուրս են գալիս, այդ նույն վառելիքն իրենք էլ են լիցքավորում»,- ասել է նա:
Պատգամավորը ասել է, որ իրականում նման իրավակարգավորում չկա և, որ վարորդները ոչ մրցակցային պայմաններում են:





























