ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ» հարվածների հնարավորությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բախվում է մի շարք իրավական մարտահրավերների, Financial Times-ին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք։ Կիբերոլորտում մենք ավելի ռեակտիվ ենք։ Ավելի ագրեսիվ կամ կանխարգելիչ գործելը, քան արձագանքելը, այն է, ինչ մենք քննարկում ենք», - նշել է Դրագոնեն։
Նա հավելել է, որ դաշինքը կարող է կանխարգելիչ հարվածները դիտարկել որպես պաշտպանական գործողություններ։
Սակայն, ինչպես նշել է Դրագոնը, սա դուրս է գալիս ՆԱՏՕ-ի մտածելակերպից կամ վարքագծից։ Նա բացատրել է, որ դժվարությունները վերաբերում են իրավական շրջանակներին, իրավասության հարցերին և այն հարցին, թե ով է իրականում իրականացնելու նման գործողություններ։
Ավելի վաղ Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն, վախեցնելով իր բնակչությանը Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով, սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ խոշոր պատերազմի։





























