Դատարկ, մերկապարանոց հայտարարություններ եք անում. Արթուր Հովհաննիսյան
Առհասարակ, Ազգային ժողովում քաղաքական խոսույթի և թեժությունը, բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում, և երբ հիշում եմ՝ 2018-ից առաջ Ազգային ժողովում ինչ էր տեղի ունենում, եթե 2018-ից առաջ ընդդիմությունը լիներ ձեր նման, խայտառակություն էր տեղի ունենալու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Նրա խոսքով՝ այն ժամանակ ընդդիմությունն էր գեներացնում հիմնական քննարկման թեման: Հովհաննիսյանը ընդդիմությանը մեղադրեց որևէ բովանդակային խոսույթ չունենալու համար:
«Դատարկ, մերկապարանոց հայտարարություններ եք անում, ստեր և կեղծիքներ եք տարածում: Ինչպե՞ս կարող են լուրջ լինել Ազգային ժողովում քննարկումները, մասնավորապես ընդդիմության մասին է խոսքը, երբ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գալ այստեղ և ասել, օրինակ՝ Ոսկեպարի եկեղեցին տվել կամ տալու են Ադրբեջանին: Դրան չի հաջորդում ոչ մի ներողություն: Մյուսը գալիս ասում է՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդում են: Պարզվում է՝ նման բան չկա և, բնականաբար, չէր էլ կարող նման բան լինել: Ոչ մի ներողություն չի հաջորդում սրան»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ինչպես կարող են քաղաքացիները չզայրանալ այս քննարկումներից, որոնք պետք է լինեն բովանդակային ու ուղղված լինեն քաղաքացիների շահերին:





























