Կոչուբաևի ձերբակալությունն առաջինն էր, բայց ոչ՝ վերջինը․ «Ժողովուրդ»

 «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։


Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։


Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսեւորումներին։ Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իրավապահ համակարգին քննադատողները։


Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաեւի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն

Պատահարներ